8 օգոստոսի 2022 - 17:19 AMT
Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշել է, որ մանրամասները կներկայացվեն հետազոտություններից հետո:

«Առողջական վիճակի սրացումից մոտ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է «Էրեբունի» ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է և դատական նիստը ընդմիջվել է: Հուլիսի 25-ին Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Ավելի ուշ դրան արձագանքեց արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: