9 օգոստոսի 2022 - 16:14 AMT
ԿԳՄՍՆ․ Առաջին դասարանցիների ընդունելության համար բուժտեղեկանք պետք չէ

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն՝ արձագանքելով որոշ ահազանգերի։

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1. դիմում` ուղղված տնօրենին,

2. սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3. լուսանկար՝ 3x4 չափսի:

Նշվում է, որ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։

Մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացվելու դեպքում հայտը չեղարկվում է։

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր: ‌