9 օգոստոսի 2022 - 18:39 AMT
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ գուցե հեռախոսազրույց ունենան

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Այդ մասին հայտնել է թուրքական իշխանամետ Turkiye թերթը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ երկու նախագահը չեն խոսել 2011-ից ի վեր, գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է «ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին»՝ համագործակցելով Ասադի վարչակարգի հետ։

Հարցի շուրջ նաև խոսել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով. «Սոչիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, ապա այդ մասին պետք է հարցնել Անկարային, կամ Դամասկոսին»:

Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվել ենն Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: