10 օգոստոսի 2022 - 13:30 AMT
Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված անձինք զորացրվում են

Oգոստոսի 3-ին Արցախում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչված անձինք զորացրվում են, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:

Մասնակի զորահավաքը պայմանավորված էր օգոստոսի սկզբին շփման գծում լարվածության աճով՝ անհրաժեշտություն էր առաջացել համալրելու առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված էին միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն էին զորակոչվել։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։