10 օգոստոսի 2022 - 14:58 AMT
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան

2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը, որի համաձայն անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 7 մասնակցի:

Եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25,000 դրամ,

● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20,000 դրամ,

● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15,000 դրամ,

● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10,000 դրամ։

2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15,000 դրամ,

● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10,000 դրամ,

● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ։

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10,000 դրամ,

● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7500 դրամ,

● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5000 դրամ։

Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: