10 օգոստոսի 2022 - 18:25 AMT
Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը հաստատել է՝ Բալասանյանը ռուս խաղաղապահների և Ադրբեջանի երկայացուցիչների հետ եղել է Բերձորում

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Ի պատասխան այցելության նպատակի և քննարկված թեմաների մասին հարցին Արցախի ԱԽ գրասենյակից նշել են. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:

ԱԽ գրասենյակից պատասխանել են նաև, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել:

Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար՝ Արցախի ԱԽ –ից հորդորել են դիմել լիազոր մարմիններին։

«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ», - նշել են Արցախի ԱԽ գրասենյակից:

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաճինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայան, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։