10 օգոստոսի 2022 - 18:35 AMT
Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է․ Շախմատի տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն, նրանց թվում է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել։

«Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե իրենց, թե իրենց մրցակիցներին»,- ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։

«Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար»,- ասել է Սարգսյանը։

Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։

Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր: