10 օգոստոսի 2022 - 18:50 AMT
Սերժ Սարգսյան․ ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ

ՀՀ երրորդ նախագահ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, որն ի թիվս այլ երկրպագուների «Զվարթնոց» օդանավակայանում է ՝ դիմավորելու Հայաստանի շախմատի հավաքականների անդամներին, հրաժարվել է պատասխանել քաղաքական հարցերին:

Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին անդրադառնալով՝ նա ասել է, որ ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի։

«Մի քանի օր առաջ մեր կուսակցությունը հայտարարություն էր տարածել, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահն ասել է, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին», գրում է Sputnik Արմենիան։

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել օգոստոսի 5-ին՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին:

ՀՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ: