11 օգոստոսի 2022 - 19:03 AMT
Քոքոբելյան․ Հորս առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից։

«Նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,-ասվում է գրառման մեջ:

Այն մասին, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրը կորել է, հայտնի դարձավ հուլիսի 28-ին։ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը «ողջ և առողջ տանն է»: