16 օգոստոսի 2022 - 12:59 AMT
Մետրոյի կայարաններում պայթուցիկի մասին հերթական ահազանգն է ստացվել․ Ուղևորափոխադրումները դադարեցված են

Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։