16 օգոստոսի 2022 - 13:48 AMT
Ահազանգ էր ստացվել նաև «Զվարթնոցում» պայթուցիկի մասին․ Օդանավակայանում և մետրոյի 4 կայարնում ոչինչ չի հայտնաբերվել

Օգոստոսի 16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։