16 օգոստոսի 2022 - 14:26 AMT
Ավինյան. Հրավառությունների ազատ կազմակերպման արգելք պիտի սահմանվի

ԱՆԻՖ խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին, ասել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը քննարկվել է դեռևս 2020-ին։

Նա գրել է, որ հրավառությունների ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի։

«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։

Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։

Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 16-ի 12։00-ի դրությամբ հասել է 16-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 12-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 9 անձ դեռևս որոնվում է։