16 օգոստոսի 2022 - 14:53 AMT
«Հայաստանի Զորյան ինստիտուտ». Դադրյանի գերեզմանի անբարեկարգ վիճակի պատճառը Covid-19-ն է ու պատերազմը

«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամն արձագանքել է ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի շուրջ ծավալաված մեկնաբանություններին՝ դրանք անվանելով «անհարկի»։

Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամն ահազանգել է հայտնի ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի անմխիթար վիճակի մասին, որը գտնվում է Երևանում։

«Փոթորիկ մի բաժակ ջրում» վերանգրված հաղորդագրության մեջ ասվում է, որ գերեզմանի անխնամ լինելու պատճառը Covid-19 համավարակն է և 2020 թվականի Արցախյան պատերազմը։

«Պրոֆեսոր Դադրյանը հուղարկավորվել է Հայաստանում 2019 թվականի օգոստոսին՝ համաձայն իր կտակի և իր ընտանիքի համաձայնությամբ։ Հայաստանի կառավարությունը՝ Վաշինգտոնում իր դեսպանության միջոցով և Հայաստանի Զորյան ինստիտուտի աջակցությամբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում նաև հոգացել է բոլոր ֆինանսական ծախսերը և կազմակերպել է հանգուցյալ պրոֆեսորի աճյունի տեղափոխումը Երևան, Հայաստան։

ՀՀ վարչապետի որոշումով ձևավորվեց թաղման հատուկ հանձնաժողով, որը հատկացրեց հողակտոր Երևան քաղաքի պանթեոնում։ Քաղաքային պանթեոնում իրենց վերջին հանգրվան են գտնում ազգային հերոսները և հայ ազգի այլ նշանավոր ներկայացուցիչները։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կազմակերպմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ պետական հոգեհանգիստ, որին ներկա գտնվեցին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ և ակադեմիական հանրույթը։

Covid-19 համավարակի և 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին և զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը։ Դրա պատճառով պանթեոնում գերեզմանոցի բարեկարգման և գերեզմանաքարի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես առկախվեցին:

Հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր հրապարակայնորեն անհարկի շահարկում են այս հարցը, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և անտեղի մեկնաբանություններից, որոնք միայն փոթորիկ են առաջացնում մի բաժակ ջրումԾ,-ասվում է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի Գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանի հաղորդագրության մեջ։

Աքչամը գրել է․ «Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինին հաջողվել է պարզել, որ Երևանում գտնվող Դադրյանի գերեզմանը, որտեղ նա հուղարկավորվել է 2019-ին, մնացել է անխնամ և պատված է մոլախոտով։ Ավելին՝ գերեզմանի վրա նույնիսկ նշում չկա։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը: Դադրյանն արժանի չէ սրան»։