17 օգոստոսի 2022 - 15:06 AMT
Ավինյան․ ԱԺ-ն կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Այդ մասին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, այս հարցով քննարկում է եղել իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, տեղեկացնում է Հանրային ռադիոն։

«Դեռևս 2021-ին կառավարության կողմից նախագիծ էր քննարկվել, որը սահմանափակում էր այս միջոցների օգտագործումը։ Մենք պետք է կարողանանք հրաժարվել այդ մշակույթից»,- ասել է նա։

Նախկին փոխվարչապետի խոսքով՝ տեղի ունեցած պայթյունը որևէ կապ չունի ահաբեկչական գործողության հետ։

«Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղում վտանգավոր է, և մեկ փոքր կայծը կարող է բերել նմանատիպ հետևանքների։ Եթե այդտեղ լինի աշխարհի լավագույն օդափոխման համակարգը, միևնույն է 4 տոննա հրավառական նյութի առկայությունն արդեն վտանգ է ներկայացնում»,-նշել է նա։

Ավելի վաղ Ավինյանն այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջեւմ։ Նա նշել էր, որ նախագծով հրավառությունները թույլատրվելու են միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում է։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Բուժհաստատություններում բուժվում է 5 տուժած