18 օգոստոսի 2022 - 12:53 AMT
Փաշինյան․ Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է՝ «ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո՝ պայթյուն»

Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ներկաները հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի «Սուրմալուում» ահաբեկչության կամ դիտավորության հանցակազմի մասին։

Փաշինյանն իր հերթին նշել է, թե տեսագրություններից պարզ է դառնում, որ «ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։

«Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,-ասել է նա։

Քյարամյանը նշել է նաև, որ եղած ապացույցները վկայում են անզգուշության հետևանքով տեղի ունեցած հանցագործության մասին։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։