19 օգոստոսի 2022 - 12:40 AMT
Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապից․ Եվս մեկ տուն է հրդեհվել

Աղավնոն օգոստոսի 18-ից զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից:

«Այսօր ամուսինս Տեղ գյուղ ա գնացել, մի քանի րոպեով կապ եմ ունեցել էդ ա եղել։ Գիտեմ, որ գյուղում հոսանք չկա, ինտերնետ կապը՝ վիշկան հանել են, ոնց հասկացա, այսինքն՝ բոլոր կապի միջոցները վերացել են գյուղից», - ասել է Աղավնո համայնքի բնակիչ Մելինե Բաղդագուլյանը, հայտնում է «Ազատությանը»։

Մելինե Բաղդագուլյանը 4 երեխաների հետ, ամենափոքրը ընդամենը 40 օրական է, վարձով տուն է գտել Գորիսում, բայց ամուսինը, մյուս հարազատները դեռ Աղավնոյում են։

«Ընտանիքներ դեռ գյուղում կան, որ դուրս չեն եկել առայժմ, բայց դուրս են գալու։ Մարդիկ ուղղակի իրերը տեղափոխելու խնդիրներ ունեն, մեքենաների խնդիրներ է առաջանում տեղափոխելու համար։ Գյուղում դեռ բնակչություն կա, հայերը դեռ այնտեղ են՝ ապրում են», - ասել է Բաղդագուլյանը։

Տարհանվող գյուղի 177 բնակիչները տեղեկացվել էին, որ օգոստոսի 20-ից ջուր, հոսանք, կապ անջատվելու են, բացատրել էին՝ Աղավնոն օգոստոսի 25-ին է հանձնվելու Ադրբեջանին, բայց ենթակառուցվածքներն էլ պետք է տարհանվեն, ամեն ինչ ավելի արագ է տեղի ունենում։ Գյուղից հեռացած կանայք այժմ կապ չեն կարողանում հաստատել Աղավնոյում մնացած իրենց տղամարդկանց հետ։

«Հոսանք չկա, ջրերն անջատած, կապը չկա, ոչ մի բանը չկա», - ասել է Աղավնոյի բնակիչ Էմմա Իսախանյանն, որը նույնպես Գորիսում է արդեն։ Աղավնոյից հեռանալիս նա հասցրել է հրդեհել տունը։ Այս պատերազմում որդուն կորցրած մայրը ասում է՝ հիմա հանգիստ է։

«Տներս պաժառ եմ տվել, նոր դուրս եկել, եկել Գորիս։ Իմ սեփական տունը, իմ տղայիս, ամուսնուս սարքած՝ իմ տանջանքով, 30 տարվա արածս՝ լրիվ, խիղճս հանգիստ հիմա նստած եմ։ Ես որոշել էի՝ եթե չկարողանայի վառել, ինձ կվնասեի, փառք Աստծո, որ կարողացա», - ասել է Իսախանյանը։

Աղավնոյում 3 ընտանիք է հրդեհել տունը, առաջինը երկու օր առաջ էր։ Էմմա Իսախանյանն ասել է, որ այդ օրվանից հրշեջ մեքենան ու ոստիկանները մտել են գյուղ, խիստ հսկողություն են սահմանել։

«Ամեն մի բնակչի վրա մի ոստիկան կա»,-ասել է նա։

Ինքը հրդեհելու օպերացիան հաջողությամբ է ավարտել, քանի որ, ինչպես ինքն է նշել, գործողությանը նախապես էր պատրաստվել, առաջին բոցերի հետ՝ հեռացել է։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

Ընթերցեք նաև․ ՌԴ դեսպանորդ. Քանի նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի‌