19 օգոստոսի 2022 - 14:46 AMT
Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը ԵԱ եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ։

Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում 15․149 միավորով առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ, գրում է Sputnik Արմենիան։

Հայաստանը եզրափակիչի երկու մասնակից ունի նժույգ թափեր վարժությունում: Հարություն Մերդինյանը երրորդ տեղով դուրս է եկելեզրափակիչ` վաստակելով 14․500 միավոր, նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Արթուր Դավթյանը: Այստեղ Արթուր Դավթյանը 14․200 միավորով 8-րդ տեղում է:

Նա 2021 թվականի նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոնն է։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն են: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14․666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14․633:

Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր:

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: