«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին, կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այդ մասին ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձը տնտեսվարողներ են։ Նրանք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պայթյունի հետևանքով շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դեպքի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։