Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։
Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Մուստաֆաևի և Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։
Հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցություններին, սահմանամերձ գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նշվում է նաև, որ նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով։
Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով է ստեղծվել, որի առաջին նիստը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին: