Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն փորձում է իրեն վերագրել ՀՀ և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդության դափնիները, և ԵՄ ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է քաղաքական նկրտումներով։
Նա հավելել է, որ ըստ ՌԴ տեսակետի, դա ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
«Ես կասեի, որ եվրոպացիների այդ կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելու փորձի»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ աշխատանքն այդ ուղղությամբ կոնկրևետ արդյունքներ է տալիս և ստանում է կողմերի համապատասխան գնահատականը։
Զախարովան նաև ասել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերներից տեղեկություններ չեն ստացվել այն մասին, թե ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է խաղաղ պայմանագրի տեքստի մշակմամբ։
Նա նաև ասել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում անցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: