Հրանոթի արկերի գործով անցնող, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը, տեղեկացնում է Iravaban.net-ը։
Նա 2 ամսից ավելի կալանքի տակ էր։
Հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1,083,000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: