9 սեպտեմբերի 2022 - 10:26 AMT
Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկիր ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրել են ԵՀԽ փոխմոդերատոր, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորը գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։

Մայր Աթոռ սբ Էջմիածնի պատվիրակությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովում, որն ընթանում է Գերմանիայի Կառլսռուե քաղաքում, ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի բնակչության հանդեպ։ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հորդորել է համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։