9 սեպտեմբերի 2022 - 10:50 AMT
Պապիկյանն ու ԱՄՆ ՊՆ տեղակալը պայմանավորվել են խորացնել գործակցությունը ռազմական կրթության և բժշկության մասով

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլը Պենտագոնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամբողջ օրակարգը։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։

Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։