13 սեպտեմբերի 2022 - 13:53 AMT
ԱՆ․ Վիրավոր է քաղաքացիական 3 անձ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 3 անձ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։