13 սեպտեմբերի 2022 - 15:07 AMT
ՀՀ ՊՆ․ Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը

Ժամը 14։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա հավելել է` չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Խոսնակը նշել է, որ ՀՀ ՊՆ ստորաբաժանումները շարունակում են լիարժեք կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Թորոսյանը նշել է նաև, որ հայկական կողմի զոհերի թիվը, ըստ նախնական տվյալների, 49 է, և որ տվյալների ճշտումներից հետո լրացուցիչ տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների մասին։

ՊՆ խոսնակը նշել է նաև, որ ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել են նաև բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։