ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով իր հեռախոսազրույցներին ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հետ հայ-ադրբեջանական սահմանային բախումների կապակցությամբ, հույս է հայտնել, որ հակամարտությունը հնարավոր կլինի վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, այո, ես երեկ երեկոյան խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրանց ժամանակով վաղ առավոտյան: Մենք կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների բռնկմանը, մի բան, որը ձեռնտու չէ ոչ մեկին։ Այն չի բխում Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի շահերից, և, իհարկե, չի բխում ավելի լակյն տարածաշրջանի շահերից։ Եվ ես խոսեցի երկուսի հետ, կոչ արեցի անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհարումներից հետ կանգնելու և իրենց երկրների միջև կայուն խաղաղություն կառուցելու մասին խոսակցություններին վերադառնալու համար»,-ասել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Նա նշել է, որ հենց այս պահին ԱՄՆ հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրի հետ:
«Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին և վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին»,-ասել է նա։
Պետքարտուղարը նաև արձագանքել է Ռուսաստանի ներգրավվածության և դրա հետ կապված մտավախությունների վերաբերյալ հարցին:
«Մշտապես մտահոգված ենք, երբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ խառնել իրավիճակը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից: Դա մեզ միշտ մտահոգում է: Բայց եթե Ռուսաստանն իրականում կարողանա օգտագործել իր ազդեցությունը ի բարօրություն, այն է՝ կրկին հանդարտեցնի իրադրությունը, դադարեցնի բռնությունը և կոչ անի բարեխղճորեն ներգրավվել խաղաղության կառուցման գործին, ապա դա դրական քայլ կհանդիսանա»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը :
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։