15 սեպտեմբերի 2022 - 16:47 AMT
ԱՀ նախագահն ու պատգամավորները Երևանում են․ Քաղաքական հանդիպումներ են նախատեսված

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը գտնվում է Երևանում։ Այդ մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները», - նշել է Ավանեսյանը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստան, տեղեկացնում է

Նշվում է, որ այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

Սեպտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»։

Ավելի ուշ նաև ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։