16 սեպտեմբերի 2022 - 15:09 AMT
ՌԴ դեսպանը չի հիշատակվում Ջերմուկ այցելած դիվանագետների թվում

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ ծանոթանալու են Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։

Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, գրում է Արմենպրեսը։

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։