17 սեպտեմբերի 2022 - 11:06 AMT
Պուտին․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «տեղի ունեցած միջադեպը» կապ չունի Ղարաբաղի հետ։ Այդ մասին նա ասել է Սամարղանդում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Վերջին սահմանային միջադեպն ընդհանրապես ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ, դա միանգամայն այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև խոսել է ՌԴ դերի մասին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը լոկալիզացնելու առումով։

«Մենք ցավում ենք հակամարտության և, իհարկե, զոհերի համար։ Այդ հակամարտությունը հաջողվել է տեղայնացնել այդ թվում և նախևառաջ Ռուսաստանի ազդեցության շնորհիվ, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։ Ահա և պատասխանը ռեսուրսների մասին ձեր հարցին»,-ասել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուկրաինայում պատերազմի պայմաններում ՌԴ ռեսուրսները բավարարում են խաղաղության հասնելու գործում հարևան երկրների վրա ազդելու համար։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

Photo. TASS