17 սեպտեմբերի 2022 - 16:19 AMT
Ռայիսին Էրդողանին ասել է` սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում անընդունելի է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։

Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը, գրում է Արմենպրեսն իրանական Mehr լրատվական գործակալության վրա հղումով։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։