19 սեպտեմբերի 2022 - 12:32 AMT
Բոնդարև․ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաները ՀՀ-ում «ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից»

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաները ՀՀ-ում «ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից»։

«Ակցիաներն ու ցույցերը, որոնք հիմա անցնում են Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով, կարծում եմ, ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից»,- գրել է նա իր Տելեգրամ ալիքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բոնդարևը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են կայուն մնալ, չնայած դեպի Արևմուտք ՀՀ-ին շեղելու փորձերին։

«Հայաստանին (ինչպես և ԽՍՀՄ նախկին մյուս երկրներին) վաղուց են դրդում Արևմուտքի կողմ թեքվել, սակայն հայ-ռուսական հարաբերությունները դեռևս կայուն են, բարիդրացիական և գործընկերային՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջազգային դաշինքների և կազմակերպությունների կազմում։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ն ու նրա կամակատարներն ամեն գնով ձգտում են սեպ խրել մեր միջև։ Այդ նպատակն ուներ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան»,-գրել է նա։

Ըստ Բոնդարևի, ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուն կողմ կարող են լինել միայն «հիմարներն ու շանտաժիստները»։

«Հիմարները, որոնք հույս ունեն, որ «բարի քեռի Սեմը» ՌԴ-ից լավ կպաշտպանի նրանց տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Իսկ շանտաժիստները հույս ունեն, որ ՀՀ նման որոշումը կդրդի մեզ ավելի ակտիվ գործողությունների այդ երկիրն Ադրբեջանից պաշտպանելու գործում՝ դիվանագիտականից անցնելու ռազմական գործողությունների․․․ՌԴ-ն միշտ պատրաստ է օգնել իր գործընկերներին և դաշնակիցներին, սակայն այն չափով, որով հարկ է համարում և այն միջոցներով, որոնք ընդունելի է համարում կոնկրետ իրավիճակում»,- գրել է նա։

Սեպտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչով ակցիա է տեղի ունեցել։ ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատաճառով, սակայն ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ զինուժ ՀՀ ուղարկելու մասին խոսք չի գնում։ Այժմ ՀՀ-ում է գտնվում ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։