19 սեպտեմբերի 2022 - 12:44 AMT
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն․ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթ Գիշյանը, ով գերի էր ընկել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․ ծնված Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ Տեսանյութում ներկայացվում էր, թե Գիշյանին բժշկական օգնություն են ցուցաբերում։

«Այսօր տեղեկացրել ենք Եվրոպական դատարան, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։

Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»,- հայտնել է Սամվելյանը։

Նույն տեղեկությունն ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Դավիթ Գիշյանի գերության մեջ հայտնվելու կադրերը նաև նրա հայրն էր հրապարակել՝ Բարսեղ Գիշյանը։ «Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն, ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- գրել էր Գիշյանը։