19 սեպտեմբերի 2022 - 15:09 AMT
Պեսկովը Փելոսիի՝ ՀՀ այցի մասին․ ՌԴ-ն կողջունի ցանկացած քայլ՝ ուղղված ՀՀ և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը ՀՀ, ասել է, որ Մոսկվան կողջունի ցանկացած քայլ, որն իրականում ուղղված կլինի ՀՀ և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, և ոչ պոպուլիստական, այլ իրականում անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, կարելի է ողջունել: Արդյո՞ք նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը, կտեսնենք: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Փելոսիի այցը ՀՀ և կարող է այն արդյոք նպաստել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի ՀՀ կատարած երկօրյա ացի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ և ելույթ է ոեւնեցել «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում»։ Ասուլիսում, պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին, նա ասել է, որ ԱՄՆ-ում մտահոգ են ՀՀ անվտանգության հարցերով և ցանկանում են հնարավորինս ավելի աջակից լինել այդ հարցում։

Փաշինյանի հետ հանդիպմանը նա ասել է․ «Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։

Photo. Ria Novosti