19 սեպտեմբերի 2022 - 18:20 AMT
Թուրքիայի փոխնախագահն «անընդունելի է» համարել Փելոսիի երևանյան հայտարարությունները

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ում գրառումներ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի վերաբերյալ՝ անընդունելի համարելով նրա երևանյան հայտարարությունները։

Ըստ Օքթայի՝ այդ հայտարարությունները, իբր, պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում, ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ։ Թուրքիայի փոխնախագահը Փելոսիին անգամ մեղադրել է «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» մեջ, գրում է Ermenihaber-ը։

«Մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթման տակ գտնվող իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»,- գրել է Օքթայը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։