Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Դրա արդյունքներով կողմերը մամուլի համար համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:
Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։
ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։