20 սեպտեմբերի 2022 - 13:23 AMT
ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել

ՀՀ այցելած ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու առաջարկներ է մշակել։ Այդ մասին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի աշխատանքի արդյունքներին: Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, որը ղեկավարում էր խումբը, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների վերաբերյալ առաջարկների մասին», - ասել են մամուլի ծառայությունից։

Նշվում է նաև, որ կարծիքների կառուցողական փոխանակում է եղել։

«Մշակված առաջարկներն ուղղված են լարվածության թուլացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ առաքելությունը հանդիպումից հետո մեկնել է Մոսկվա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։