20 սեպտեմբերի 2022 - 17:52 AMT
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի 2-րդ և 3-րդ նախագահներին

Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին: Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ամբողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»,-նշված է գրառման մեջ:

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ և հիմնել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։