23 սեպտեմբերի 2022 - 18:01 AMT
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Սևանա լճի որոշ հատվածներ, Երասխ և մի քանի այլ վայր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ բնակավայրեր այցելելուց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մասնավորապես, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել Վայոց Ձոր` Եղեգնաձորից դեպի արևելք, Սյունիքի մարզ, Արարատի մարզի Երասխ գյուղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և դեպի արևելք այցելություններից։

Խորհուրդ չի տրվում նաև երթևեկել M10 մայրուղով և Տավուշի մարզ՝ M4 մայրուղով Իջևանից դեպի հյուսիս։

Նշվում է նաև, որ ուղևորություններն Արցախ նախկինի պես արգելված են։

Դեսպանատունը նախազգուշացումը պայմանավորել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։