ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ՄԱԿ ԳՎ շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշել է, որ քննարկել են ՀՀ անվտանգությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կողմերին խաղաղ գործընթացի կոչ անել, քանի որ հակամարտության ռազմական լուծում լինել չի կարող»,-ասվում է գրառման մեջ։
Բլինքենը Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: