27 սեպտեմբերի 2022 - 13:08 AMT
ANCA. ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ-ում 1991-ից ի վեր առաջին անգամ դիտարկում են Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը։

«1991-ին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ քաղաքական գործիչները, երկկուսակցական Կոնգրեսի մշտական ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հնարավորությունը՝ օգնելու համար Հայաստանին պաշտպանվելու Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ) դաժան ագրեսիայից և էթնիկ զտումներից»,- ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը ՀՀ էր այցելել սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայից հետո, հարցին թե պատրա՞ստ է ԱՄՆ-ն ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, պատասխանել էր, որ ՀՀ-ում են՝ հասկանալու, թե ինչ ակնկալիքներ կան։ «Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան»,-ասել էր նա։