29 սեպտեմբերի 2022 - 12:28 AMT
Փաշինյան․100 միլիոնավոր դոլարներ վճարված են զենքի համար, բայց մատակարարումները չեն արվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին, բանակի բարեփոխումներին և զենքի գնումների հետ դժվարություններին։

Նա նշել է, որ զինված ուժերում բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել՝ հավելելով, որ նման սադրանքներով Արդբեջանը փորձում է խոչընդոտել այդ բարեփոխումներին։

«Բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություն ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների առումով՝ հնարավորինս այնպես անելու, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 28-ի ադրբեջանական հարձակմանը, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը հարվածել է ինժեներական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանմանը, որն աշխատանքներ է իրականացնելիս եղել Հայաստանի տարածքում։ Նա հավելել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են ՀՀ տարածքում։

«Սա ագրեսիվ գործողությունների շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է և մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումների գնանք։

«Բայց մենք մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությւոնը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերոմ»,-ասել է Փաշինյանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։