29 սեպտեմբերի 2022 - 12:39 AMT
Կլաար․ Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով ադրբեջանցիների նոր սադրանքին հայ-ադրբեջանական սահմանին, գրել է, որ խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

«Այսօր կրկին հաղորդագրություններ եղան 3 զոհված հայ զինծառայողի և վիրավորված ադրբեջանցի զինծառայողի մասին։ Այս և մյուս բոլոր անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունն իրապես հնարավոր է միայն այն դեպքում, երբ սահմանները պահպանվում են, իսկ զորքերը չեն բախվում, գտնվելով մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել»,- ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։