29 սեպտեմբերի 2022 - 17:25 AMT
ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է ադրբեջանական հարձակումից տուժած և տեղահանված ընտանիքներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Քննարկվեցին մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները»,-ասվում է գրառման մեջ։

‌Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

‌Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։