30 սեպտեմբերի 2022 - 11:12 AMT
Հնդկաստանի դեսպանն անակնկալի է եկել Հայաստանին զենք վաճառելու լուրից

Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով իր երկրի կողմից Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասել է, որ անակնկալի է եկել այդ նորությունից։

«Չեմ կարող մեկնաբանել, ես ևս անակնկալի եկա այդ նորությունը լսելով»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանը, ապա դեսպանն ասել է․ «Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը»։

Դեսպանը շեշտել է՝ իրենց դիրքորոշումն աներկբա է և հստակ։

Հնդկական The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք, այդ թվում համազարկային կրակի Pinaka կայաններ։