30 սեպտեմբերի 2022 - 13:24 AMT
ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում այցելել է Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում: Այդ մասին հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Ավելի վաղ Գրիգորյանը մանրամասներ էր հաղորդել սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը իր և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։

«Քննարկել ենք ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորել ենք վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը»,-նշել էր նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։