14 ապրիլի 2009 - 18:22 AMT
Հայկական իշխանությունների «ֆուտբոլային դիվանագիտությունը» վտանգավոր է ինքնին Հայաստանի համար
Հայաստանի իշխանությունները կոպիտ սխալներ են թույլ տալիս արտաքին քաղաքականության, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ սխալները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: «Պաշտոնական Երեւանը Թուրքիային չի ընկալում որպես թշնամական երկիր, որի ռազմավարական նպատակը Հայաստանի ոչնչացումն է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայկական իշխանությունների «ֆուտբոլային դիվանագիտությունը» վտանգավոր է ինքնին Հայաստանի համար, բայց մեր հայտարարություններն այդպես էլ հարկի ուշադրության չեն արժանանում»,- հայտնել է հայ փորձագետը` ավելացնելով, որ ժամանակն է, որպեսզի երկրի ղեկավարությունը հաշվի առնի հայ մտավորականության ներկայացուցիչների կարծիքը: Արմեն Այվազյանի խոսքով, պաշտոնական Երեւանը պետք է վերանայի իր դիրքորոշումը Անկարայի հանդեպ, որը շարունակում է Հայաստանին մի շարք նախապայմաններ ներկայացնել:

«Մեզ նաեւ հետաքրքրում է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները հասարակությունից թաքցնում Թուրքիայի հետ բանակցությունների մանրամասները: Ինչու՞ մենք այդ բանակցությունների մանրամասներն իմանում ենք թուրքական կամ եվրոպական մամուլից»,- ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, այսօր հայ-թուրքական հարաբերությունների հրատապ կարգավորումն անիրական է, եւ դա կատարելու փորձերը կարող են վնասել ինքնին Հայաստանին: