Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի բանակցում ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու վերաբերյալ։ Այդ մասին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը, գրում է «Մատչ ՏՎ»-ն։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՖՖ-ն դիտարկում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- ասել է նա։
Ավելի վաղ Տալալաևի հավանական նշանակման մասին հայտնել էր Metaratings.ru-ն։
Տալալաևն արդեն աշխատել է Հայաստանում՝ 2018/2019թթ․ Նա Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչն էր։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին Տալալաևը հեռացել է «Ախմատից»։
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: