3 հոկտեմբերի 2022 - 18:41 AMT
Զախարովա․ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին համակողմանի ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ b>Մարիա Զախարովան, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութին, հայտարարել է, որ ՌԴ-ն կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին անհապաղ համակողմանի ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից։

«Այդ տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ կերպով հետաքննվեն։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ համապարփակ ուսումնասիրության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նշել է, որ Մոսկվան շարունակում է «լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման» և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։ Կողմերին պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել»,- ասել է Զախարովան։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

‌Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչՏոյվո Կլաարը, հայ գերիների գնդակահարությանն անդրադառնալուց հետո, ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ իրեն «մի քանի տեսանյութ են ուղարկել որոնք հավանաբար, ցուցադրում են ադրբեջանցիների դեմ կատարված պատերազմական հանցագործությունները»։