Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը կկազմի մոտ 1.1 մլն դրամ։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Սասուն Խաչատրյանը։
Նա նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը, ուստի՝ առաջարկվում է սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձատրության մասն ավելի շուտ է ուժի մեջ մտնում ու պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ևս վարձատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է և վճարվում կոմիտեի նախագահին»։
Նա նշել է նաև, որ այդ գումարը ներառված էր 2021-2023 ՄԺԾԾ հայտում, ուստի բյուջեից լրացուցիչ միջոցների ներգրավման կարիք չի լինի։
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար:
Նշվել է, որ Հատուկ քննչական ծառայության լուծարման շրջանակում նախկին աշխատակիցները տեղափոխվել են Դատախազություն կամ քննչական այլ մարմիններ. առաջարկվել է այդ սոցիալական երաշխիքը վերականգնել նաեւ վերոնշյալ աշխատակիցների համար:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել նախագծին։