4 հոկտեմբերի 2022 - 14:40 AMT
Սիմոնյան․ Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու որոշում կայացնի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվայում, ուր մեկնելու է պաշտոնական այցով, քննարկելու է ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը։

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է՝ եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը՝ Աժ նախագահը հայտարարել է. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք։ Բայց, միևնույն ժամանակ, սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք, առանց հասկանալու՝ հետո ի՞նչ ենք անելու, բայց այն, որ խնդիր կա, ես դրա մասին խոսելու եմ», մեջբերում է Aysor.am-ը։

«Քննարկելու եմ նաև Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է ու մինչ օրս մենք պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք», - ասել է ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նաև չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանից 100 միլիոնովոր դոլարներ են վերցրել ու զենք չեն մատակարարում, վերաբերում է Ռուսաստանին:

«Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե նման բան կա, միգուցե, դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ», -ասել է նա:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին: Նախատեսվում է եռօրյա այց: Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։